Հակա-5G․ արտասովոր կրիչի պատմությունը

Նկարի աղբյուրը՝ Counterpoint Research
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր շրջափուլի մասին ազդարարող 5-րդ սերնդի կապը՝ 5G-ն (generation/սերունդ բառից) դարձել է հասարակության քննարկման առարկան հատկապես կորոնավիրուսի օրերին։ Մինչ գիտնականները փորձում են ապացուցել, որ կապի այս նոր ու նախորդներից համեմատաբար շատ ավելի հզոր միջոցը չի կարող վտանգավոր լինել առողջության համար, միֆերն ու մարդկանց թերահավատությունը դրդում են այնպիսի քայլերի, ինչպիսին, օրինակ, Մեծ Բրիտանիայում զանգվածային դարձած հարձակումներն են 5G աշտարակների վրա։ Հայաստանում նույնպես բողոքի ալիք էր բարձրացել՝ կապված երկրում 5G կապի առկայության և տարածման հետ, որին ի պատասխան հայաստանյան կապի օպերատորները հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր։

Ի՞նչ է 5G-ն և ինչպե՞ս է տեխնոլոգիական աշխարհը հասել կապի 5-րդ սերնդին
Ինչո՞վ է պայմանավորված մարդկանց բացասական վերաբերմունքը 5G-ի հանդեպ 

Չնայած իր լայն հնարավորություններին և կապի ոլորտում ունեցած խոստումնալից ապագային, 5G-ն հասարակության մեջ ավելի շատ ընկալվում է որպես «կորոնավիրուս տարածող», քաղցկեղ և բազմաթիվ այլ հիվանդություններ առաջացնող բջջային կապ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ 5G-ն գործում է ռադիոակտիվ ալիքների բարձր հաճախականության միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արդեն իսկ հերքել է 5G-ի և կորոնավիրուսի միջև կապը, իսկ Ոչ-իոնացնող ճառագայթային պաշտպանության միջազգային հանձնաժողովը (ICNIRP) ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ վերջին սերնդի կապի կիրառումը չի սպառնում մարդանց առողջությանը։

Հակա-5G. արտասովոր կրիչը կպաշտպանի ձեզ 

Այս բոլոր ուսումնասիրությունների ֆոնին վերջին շաբաթվա ընթացքում համացանցում հայտնվեց մի նորություն, ըստ որի՝ 5GBioShield ընկերությունն առաջարկում է գնել USB կրիչներ, որոնք կպաշտպանեն 5G ցանցից: Նորությունը մեծ թափով տարածվել էր Անգլիայում՝ գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը։ Հայաստանյան լրատվամիջոցներից այդ մասին հայտնել էր ittrend.am-ը։
5GBioShield կայքից պարզ դարձավ, որ կրիչների վաճառքով զվաղվում է Bioshield Distribution Ltd անունը կրող ընկերությունը։ Վերջինիս գրասենյակը գրանցված է Լոնդոնում, իսկ սեփականատերերնն են ազգությամբ լեհ Աննա Գրոշովալսկան և իտալացի Վալերիո Լագեցցան։ 
Կայքի նկարագրության բաժնում հավաստիացվում է, որ կրիչը հոլոգրաֆիկ դաշտ է ստեղծում, որն ունակ է մարդուն պաշտպանել 5G-ի էլեկտրական ալիքներից։ Վաճառող ընկերությունը հավելում է նաև, որ կրիչը ստեղծվել է տասնյակ տարիների հետազոտությունների արդյունքում մի քանի երկրներում։
5GBioShield ընկերության կայքում՝ վաճառվող ապրանքի նկարագրության բաժնում գրված է կրիչի առավելությունները, որի հիմնական նպատակն է մարդկանց պաշտպանել 5G սերնդի ճառագայթներից
  Կայքի Team բաժնում ներկայացված էին կրիչի ստեղծողները, որոնք երկուսն էին։
Կրիչի ստեղծողները՝ 5GBioShield ընկերության կայքում
Ըստ կայքի տվյալների՝ նկարի աջ կողմում պատկերված Իլյա Յակիչևիչը աշխատել է Մաքս Պլանկի անվան պլազմային ֆիզիկայի համալսարանում, սակայն այդ մասին համացանցում ոչ մի տեղեկություն չկար։ Դրա փոխարեն հայտնաբերեցինք պրոֆեսորի՝ ոչինչ չասող LinkedIn-յան էջը, ինչպես նաև teslastyle101.com կայքը, որը, ինչպես հասկացանք, ստեղծվել է հենց պրոֆեսորի նախաձեռնությամբ, իսկ նրա մասին պատմող էջը կրում է այս տեսքը։

Իլյա Յակիչևիչի մասին պատմող էջը teslastyle101.com կայքում
5GBioShield կայքում առկա էին նաև վաճառքի ենթակա կրիչների նկարները և դրանց արժեքը։ BBC-ն հետաքննություն իրականացնելու համար գնել էր կայքում ներկայացված կրիչներից մեկը։ Արդյունքում պարզ դարձավ, որ բավական թանկ արժեքով վաճառվող արտասովոր կրիչը իրականում 128 մեգաբայթ հիշողությամբ հիծողությամբ սովորական սարք է, որը մյուս բոլոր կրիչներից տարբերվում է միմիայն իր դիզայնով։
Այսպիսի տեսք ունեն 5GBioShield կայքում ներկայացված կրիչները

Pen Test Partners ընկերությունը, որը զբաղվում է սպառողական էլեկտրոնիկայի ապամոնտաժմամբ ՝ անվտանգության խոցելիությունները հայտնաբերելու համար, ուսումնասիրելով վաճառքում առկա կրիչը, հայտնել է, որ այն իր կառուցվածքային բաղադրիչներով նման է Չինաստանի Շենզեն քաղաքում արտադրվող կրիչներին, որոնց արժեքը մոտավորապես 5 եվրո է, ինչը փաստում է, որ վաճառվող ապրանքը Եվրոպայում ներկայացվել է 56 անգամ ավելի բարձր արժեքով։

Այսպիսով, 5G-ի մասին հերթական միֆը հերքվում է։ Հասկանալի է, որ կրիչների հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է եղել բջջային նոր կապի անվտանգ լինելու հանդեպ թերահավատությամբ

Հռիփսիմե Հայրապետյան

Comments