Ֆուտբո՞լ թե՞ Ի-Սպորտ։ Իրականն ու վիրտուալը կորոնավիրուսի օրերին

Մինչ ֆուտբոլային աշխարհը պատրաստվում էր հերթական լարված հանդիպմանը, կորոնավիրուսը թակեց ստադիոնների դուռը՝ շուրջ երեք ամիս հեռացնելով սպորտը ֆուտբոլասեր հասարակության տեսադաշտից։ 2020 թվականի սկզբից ամբողջ աշխարհը կաթվածահար անող համավարակը չէր կարող չազդել նաև սպորտի՝ հատկապես ֆուտբոլի վրա։ Մինչև վերջերս գրեթե բոլոր սպորտային միջոցառումները կա՛մ ժամանակավորապես դադարեցվել էին, կա՛մ չեղարկվել։ Այս ամենից անմասն չմնացին Եվրո-2020-ը և Տոկիոյի օլիմպիական խաղերը, որոնք այս տարի այդպես չեն կայանա։
Այսօր ֆուտբոլը հետզհետե վերականգնում է իր ուժերը և փորձում վերադառանալ նոր թափով։ Գերմանիայի մրցաշարը արդեն իսկ սկսել է երկրի լավագույն ակումբի տիտղոսի համար պայքարը։ Շուտով դրան կմիանան նաև մյուս թոփ եվրոպական առաջնությունները՝ բացառությամբ Ֆրանսիայի լիգայի, որի ղեկավարությունը, կախված ներկա իրավիճակից, որոշում կայացրեց դադարեցնել առաջնությունը և հաղթանակը շնորհել մրցաշարային աղյուսակը գլխավորող թիմին՝ Պարիզ Սենտ-Ժերմենին (PSG)։ Մյուս մրցաշարերը վերադառնում են, սակայն երբեմնի մարդաշատ ու աղմկոտ ստադիոններին այսօր փոխարինելու են գալու դատարկ և սոցիալական հեռավորության կանոնների հիման վրա գործող ֆուտբոլային առաջնությունները, որոնց կայացումը նման ձևաչափում նոր ու պատմական է։ Թեև ֆուտբոլը 3-ամսյա դադարից հետո վերադառնում է, այն արդեն իսկ բավարար կորուսներ է կրել կորոնավիրուսի վարակի տարածման և խաղերի դադարեցման հետևանքով։ Ըստ Statista-ի տվյալների՝ Եվրոպական թոփ-5 ֆուտբոլային ակումբները համավարակի արդյունքում կկրեն մոտ 4 մլրդ եվրոյի վնաս։

Ակումբների ֆինանսական ծանր վիճակի արդյունքում տուժել են նաև ֆուտբոլիստները։ Կրճատվել են թե՛ նրանց աշխատավարձերը, թե՛ տրանսֆերային արժեքները։ Ըստ Trasnfermarkt-ի՝ ամբողջ աշխարհի մակարդակով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը պակասել է 20%-ով, որը ընդհանուր կազմում է մոտ 9 միլիարդ եվրո։ Ամենաշատը տուժած ակումբերի ցանկում կրկին եվրոպական թոփ հնգյակին պատկանող թիմերն են։
Ֆուտբոլում կորուստները միմիայն չեն վերաբերում ֆինանսներին։ Կորոնավիրուսի հետևանքով խաթարվում է մարզիկների բնականոն կյանքը, ինչը ազդում է նրանց մարզավիճակի, ինչպես նաև հոգևոր առողջության վրա։
Բագրատ Ադամյանը խաղում է Իռլանդիայի լիգայի երրորդ դիվիզիոնում։ Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորող թիմի՝ Թալաթ Յունայթեդի (Tallaght United) դարպասապահն է։ Ընդունում է՝ մեկամյա կայուն պարապմունքներից հետո բավական բարդ է եղել համակերպվել 3-ամսյա դադարի հետ թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես հանդիսատես։ Ֆուտբոլային դադարին նույն կերպ է արձագանքել նաև Հայաստանում բնակվող Հրաչ Խաչատրյանը, որը աշխատում է սպորտային ոլորտում, բացի այդ իտալական Միլան ակումբի մեծ երկրպագու է։
«Ինձ համար՝ որպես այս ոլորտում աշխատող մարդ, բավականին բարդ է առանց ֆուտբոլային նորությունների։ Իսկ որպես երկրպագու՝ մեկ ամիս առանց ֆուտբոի կամ ուրիշ սպորտաձևի հնարավոր է դիմանալ, բայց երբ մի փոքր ժամանակ է անցնում, զգում ես, որ դրա պակասը կա։ Լինելով Միլանի երկրպագու՝ ինձ համար մի փոքր անսովոր է․ ես գիտեմ՝ ամեն շաբաթ կամ շաբաթը երկու անգամ այդ թիմի խաղերը կան, ես ել միշտ պետք է նստեմ, նայեմ։ Դա ինձ համար մի ուրիշ աշխարհ է,» ասում է Հրաչը։
Կորոնովիրուսի տարածումը իրական ֆուտբոլը մղեց ետին պլան, մինդեռ այսօր Ի-Սպորտի/Esports վիրտուալ աշխարհում սպորտաձևին նվիրված վիդեո խաղերը դարձել են ֆուբոլասերների հետաքրքրասիրության առարկան։ Դեռ ավելին, անգամ թոփ ֆուտբոլիստներն են մասնակցում ՖԻՖԱ վիդեո խաղերի մրցաշարերին` դրանցից ստացված եկամուտը նվիրաբերելով համավարակից տուժած անձանց։
«Միայն ՖԻՖԱ-ն է, որի միջոցով կարողանում եմ կարոտս առնել իրական ֆուտբոլից,» ասում է Բագրատը՝ ընդունելով, որ կարանտինի օրերին ավելի շատ է սկսել ժամանակ տրամադրել վիդեո խաղերին։
Ի-Սպորտն այսօր բարձր ցուցանիշներ է գրանցում ամբողջ աշխարհում՝ գրավելով գեյմերների ուշադրությունը։ "Esports Market - Global Outlook and Forecast 2020-2025" հետազոտությունների շարքում ներկայացվել են այս ոլորտի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց քանակի, ինչպես նաև ներդրվող ռեսուրսների պոտենցիալ աճի վերջին տվյալները։ 2019 թվականին Ի-Սպորտի ոլորտը ունեցել մոտ 1,1 մլրդ դոլարի եկամուտ։ Statista-ի այս տարվա արդյունքները նույնպես փաստում են, որ վիդեո խաղերի ոլորտը վերածվում է մեծ շուկայական եկամուտների աղբյուրի։

Հրաչը կարծում է, որ Ի-Սպորտսը էլ ավելի կտարածվի աշխարհով մեկ, սակայն հավելում․
«Չեմ կարծում, որ այն կարող է փոխարինել իրական սպորտին, քանի որ դրա մի մասը կազմում են երկրպագուները՝ մարդիկ՝իրենց ներկայությամբ»։
Բագրատը նույնպես վստահ է, որ վիդեո խաղերի ինդուստրիան, չնայած իր գրանցած արդյունքներին, չի կարող հասնել իրական ֆուտբոլին․
«Ոչինչ երբեք չի կարող փոխարինել իրական ֆուտբոլին, որովհետև այն պետք է խաղալ, զգալ, ապրել ԻՐԱԿԱՆ»։

Comments