Կորոնավիրուսի «բուժումը». ավանդական սխտորից մինչև վտանգավոր դեղամիջոցներ



Նկարի աղբյուր՝ Canal Abierto 
                                                                                            
                                          
Համացանցում չեն դադարում շրջանառվել կորոնավիրուսի բուժման և կանխարգելման մասին կեղծ լուրերը, միֆերն ու մանիպուլիացիաները: Լրատվամիջոցները, օգտատերերը բազմաթիվ  տեղեկություններ են տարածում չհաստատված , չստուգված դեղորայքի և դրանց կիրառման մասին: Նման լուրերը  լուրջ վտանգ են հանդիսանում հասարակության համար:

Թրամփն  առաջիններից էր այս հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտին իր ֆեյսբուքյան էջում գրել էր մալարիայի դեմ կիրառվող  երկու դեղամիջոցի մասին, նշելով, որ դրանք կարող են բուժել կորոնավիրուսը: Թրամփը  դեղամիջոցների մասին տեղեկացել էր դեղանյութերի և սննդամթերքի վերահսկման վարչությունից: Սակայն դեղերի արդյունավետությունը ստուգված չէր:




Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ գրեցին Թրամփի այս գրառման մասին: Եվ այս ամենից հետո հասարակությունը զերծ չմնաց դառը հետևանքներից . «Գարդիանի» (The Guardian) տեղեկություններով՝ այս հայտարարությունից օրեր անց Արիզոնայում  ամուսնական զույգը ընդունել է մալարիայի դեմ ցուցված հիդրոքլորոխին  դեղամիջոցը: Տղամարդը մահացել է, իսկ կինը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում:

Հայաստանն էլ ունի կորոնավիրուսի բուժման իր դեղատոմսը

 Արմենիկումը ցուցված չէ կորոնավիրուսի դեպքում
(Նկ. աղբյուր՝ medialab.am)
Հայաստանի Հանրային ռադիոն մարտի 4-ին անդրադարձել էր կորոնավիրուսի բուժման համար Արմենիկում դեղի արդյունավետությանը: Fip.am փաստերի ստուգման հարթակի տեղեկություններով Հանրային ռադիոն ավելի ուշ ջնջել է իր կայքից այդ հրապարակումը: Հայկական որոշ լրատվամիջոցներ նույնպես գրել էին այս թեմայով: Արմենիկումը կրառվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների դեպքում, սակայն այն ցուցված չէ կորոնավիրուսի համար:

Լրատվամիջոցներն «առաջարկում են» նաև սխտոր, ալկոհոլ և անգամ թմրադեղեր

Համացանցում ամենատարածվածը ալկոհոլի, սխտորի և մեզի օգտակար ազդեցության մասին կեղծ նյութերն էին: Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հերքել է այս լուրերը, հայտնելով որ ո՛չ սխտորը, ո՛չ ալկոհոլը, ո՛չ մեզը չեն կարող ոչնչացնել կորոնավիրուսը:

Մարիխուանան չի՛ բուժում կորոնավիրուսը
(նկ. աղբյուր` Hetq.am)

«Հրապարակը» (hraparak.am) ապրիլին գրել էր, որ Իսրայելում կորոնավիրուսը
բուժելու են Մարիխուանայով, որպես աղբյուր նշելով The Times of Israel 
պարբերականին: Նյութում նշվում է , որ որոշ հիվանդներ արդեն ստացել են բժշկական Մարիխուանայի չափաբաժին: Կայքի տեղեկությունների համաձայն՝ այդ եղանակով բժիշկները ցանկանում են օգտվել կանեփի հակավիրուսային հատկանիշներից, որպեսզի դանդաղեցնեն կորոնավիրուսի զարգացումը մարդու օրգանիզմում։ «Հրապարակը» նշել է աղբյուրի անունը, սակայն նյութի հղումը չկա կայքում: Եվ երբ Google-ով փորձենք որոնել նյութը, կգտնենք վերնագիրը, սակայն նյութը բացելիս կտեսնենք The Times of Israel-ի լրահոսը: Նշանակում է՝ կայքը տեղադրել, իսկ հետո հեռացրել է նյութը: Կայքն ունի նաև 2016 թվականին հրապարակված մեկ ուրիշ նյութ՝ Մարիխուանայի բուժական ազեցության մասին, սակայն նյութի մեջ խոսվում է դրա հանգստացնող ազդեցության,  ծանր հիվանդությունների ժամանակ օգտագործման մասին:Դեղամիջոցը Իսրայելում հատուկ կոնֆերանսի ժամանակ ընդունվել է որպես ծանր հիվանդությունների համար օգտագործվող  դեղամիջոց: 
Այս նյութում ոչինչ չկա կորոնավիրուսի մասին:  
The Times of Israel-ը՝ մարիխուանայի մասին




















Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը  իր պաշտոնական կայքում հերքել է բոլոր տեսակի թմրամիջոցների օգտակարությունը կորոնավիրուսի դեպքում: Այնպես որ, «Հրապարակի» նյութը չստուգված տեղեկություն է:

Ի վերջո, ե՞րբ կունենանք կորոնավիրուսի դեմ դեղորայք
Կորոնավիրուսի համար ստուգված և հաստատված դեղամիջոց դեռ չկա, սակայն տարբեր երկրներում արդեն հավանություն են տալիս որոշ դեղամիջոցների, և շուտով արդեն դրանք կկիրառվեն: Օրինակ՝ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը օրեր առաջ հաստատել է «Ավիֆավիր» հակավիրուսային դեղամիջոցի կիրառումը: 


Այն ամենայն հավանականությամբ փորձարկվելու է հունիսի 11-ին:  Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը կարծում է, որ դեղը կծառայի իր նպատակին.  

«Մենք հավատում ենք, որ այս դեղը սկզբունքորեն կփոխի ամեն ինչ: Առողջապահության համակարգում ծանրաբեռնվածությունը կթեթեւանա, ավելի քիչ մարդիկ կլինեն ծանր վիճակում, մարդկանց 90%-ին այս դեղը բուժում է տասն օրում»:
Կիրիլ Դմիտրիեւ


Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսը մայիսի 15-ին հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը դժվար թե մինչև 2020 թվականը պատրաստ լինի: 

«...Գործընթացը ժամանակ է պահանջում։ Պետք է իմանալ, որ պատվաստանյութը խթանում է ճիշտ հակամարմինները, որոնք վիրուսին բախվելիս պաշտպանում են օրգանիզմը․․․ միաժամանակ մենք պետք է հասկանանք՝ պատվաստանյութը կողմնակի ազդեցություններ ունի, թե ոչ, պատվաստանյութերից որն է առավել անվտանգ»:
ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարրիս



Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ՝

. Կորոնավիրուսի հաստատված բուժում դեռ չկա
.  Բուժումը դեռևս իրականացվում է ախտանշանների վրա հիմնվելով
.  Բուժման համար դեռ չկա ո՛չ դեղամիջոց, ո՛չ էլ պատվաստնյութ 
.  Առողջ սնունդը չի օգնում խուսափել կամ բուժվել վարակից
.  Ալկոհոլը և թմրադեղերը չեն բուժում կորոնավիրուսը
.  Ընդունված դեղամիջոցներ արդեն կան, սակայն դրանք դեռ չեն կիրառվել
.  Ընդունված դեղամիջոցները 100 տոկոսով երաշխավորված չեն


Քնարիկ Կնյազյան









Comments