Գործազրկության մակարդակը կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի հետևանքով աշխարհը մեծ կորուստներ է կրել՝ ինչպես մարդկանց կյանքերի, այնպես էլ նյութական առումով:  Մի շարք երկրներում  շարունակվում է աճել գործազրկությունը, որոշ երկրներ պահպանում են իրենց կայուն ցուցանիշը, որոշ երկրներում էլ այն անգամ նվազում է : Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի գործազրկության վերջնական տվյալները դեռ չկան, Ազգային վիճակագրական կոմիտեն դրանք կհրապարակի հունիսի 30-ին: Սակայն ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության կատարած նախահաշվարկների՝ Հայաստանում կորոնավիրուսի շրջանում և դրանից հետո գործազրկությունը աճելու է, նախորդ՝ 17.7 -ից հասնելով 19 տոկոսի: Այս մասին  մայիսի 4-ին  Ազգային ժողովի առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը:


Հայաստանում այժմ աճում է գործազրկությունը , բայց ամեն դեպքում չի հասնում վերջին շրջանի ամենաբարձր ցուցանիշին՝ 21,9 տոկոսին, որը գրանցվել է 2019-ի առաջին եռամսյակում:
Հայաստանում առաջին վարակակիրը հայտնաբերվել է մարտի 1-ին, որից հետո վարկակիրների թիվը աստիճանաբար աճում էր: Իսկ արդեն  ապրիլ ամսից արագ տեմպերով աճում էր  և՛ վարակակիրների և՛ մահերի թիվը: Եվ հենց ապրիլի դրությամբ էլ Աշխատանքի Միջազգային Կազմակերպությունը կատարել է իր նախահաշվարկները: 
ԱՊՀ երկրների նախահաշվարկները նույնպես  տեղ են գտել վիճակագրական կայքերում:


Ըստ նախահաշվարկների՝ գործազրկության կտրուկ աճ նկատվելու է Ղազախստանում ու զգալի աճ Հայաստանում և Ուկրաինայում: Մյուս երկրներում  չնչին փոփխություններ են սպասվում:
Եվրոպայում կորոնավիրուսի բռնկումը ավելի վաղ է սկսվել: «Եվրոստատը» հրապարակել է Եվրոպական երկրների գործազրկության փետրվար և մարտ ամսվա տվյալները, որոնք արդեն վերջնական, ստույգ տվյալներ են: «Եվրոստատում» ոչ բոլոր երկրների տվյալներն են առկա: Իսկ հրապարակվածների մեջ գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունի Իսպանիան՝ 14,5 տոկոս, ամենացածրը՝ Չեխիայի Հանրապետությունը` 2 տոկոս: Իտալիան և Ֆրանսիան երկրորդ տեղում են:


Իտալիան մարտ ամսվա դրությամբ վարակվածների թվով առաջինն էր, բայց  գործազրկությունն Իտալիայում նախորդ՝ փետրվար ամսվա համեմատ զգալիորեն նվազել է: Սակայն սա այդքան էլ ուրախալի փաստ չէ. ինչպես նշում է «Եվրոստատը»՝ Իտալիայում մարդիկ կարանտինի պատճառով անցել են պասիվ կյանքի, ինչի  հետևանքով էլ աշխատանք փնտրողները քչացել են, հետևաբար իջել է գործազրկության մակարդակը: Փաստորեն, նշված երկրների մեջ գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունի Հայաստանը, ինչպես կորոնավիրուսին նախորդող, այնպես էլ հաջորդող ժամանակահատվածում:







Աղբյուրներ՝

Ինֆոգրաֆիկա 1,2- Ceicdata. World Monatery fund
Ինֆոգրաֆիկա 3, 4 -Eurostat

       

  Քնարիկ Կնյազյան











Comments